Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջին ինը ամիսներին երրորդ անգամ այցելեց Պուտինին: Այդ պատրանքային շրջադարձը դեպի Ռուսաստան ոչ այլ ինչ է, եթե ոչ Արևմուտքին մոլորեցնելու փորձ՝ վստահ է Neue Zuercher Zeitung-ի քաղաքական մեկնաբան Քրիստիան Վայսֆլոգը: Հիմա Էրդողանը գործում է ավելի թույլ կողմի դիրքերից և անում է այն, ինչ հաճախ արտաքին քաղաքականության մեջ անում են ավտորիտար ղեկավարները՝ միմյանց է հակադրում արտասահմանցի գործընկերներին սեփական իշխանության պահպանման համար: Ռուսաստանի հետ ֆլիրտը կօգնի, որ նա պահպանի Արևմուտքի հետաքրքրությունը, չնայած Թուրքիայի՝ ժողովրդավարությանը թշնամի ներքին քաղաքականությանը: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բացահայտ հայտարարում է Ռուսաստանից С-400 գնելու մասին: Ըստ էության, դա ենթագիտակցական սպառնալիք է Արևմուտքին, որ Թուրքիան ռազմական առումով այլընտրանքային գործընկեր ունի: Տնտեսական առումով էլ Անկարան անցած ամիսներին փորձում էր մերձենալ Ռուսաստանին՝ ակտիվացվեց «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծրագիրը և արագացվեց ռուսական ԱԷԿ-ի շինարարությունը թուրքական տարածքում: Բոլոր այս նախագծերը չեն կարող սքողել, որ երկու երկրներն ունեն լուրջ տարաձայնություններ սիրիական կոնֆլիկտի հարցում: Դա ակնհայտ դարձավ ռուսական ռմբակոծիչը Սիրիայի երկնքում 2015-ի նոյեմբերին խփելուց հետո: Այն ժամանակ Մոսկվայի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ Էրդողանին ստիպեցին ներողություն խնդրել: Չնայած հաշտեցմանը, Կրեմլը մինչև հիմա չի հանել բոլոր պատժամիջոցները: Պուտինին հանգստացնելու համար Էրդողանը հիմա հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկելու գաղափարից:
Ի պատասխան թուրքական բանակը Մոսկվայից «կանաչ լույս» ստացավ Սիրիայի հյուսիսում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, որի շնորհիվ Թուրքիան կարող է սեպ խրել արևմուտքի ու արևելքի սիրիացի քրդերի միջև: Էրդողանը ուզում է շարունակել հարձակումը և գրոհել տարածքները, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ են: Այնտեղ վճռական խոսքը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներինն է (YPG), որոնց ԻՊ-ի դեմ պայքարում աջակցում է ԱՄՆ-ը: YPG-ի դեմ պայքարով Էրդողանն ուզում է սաղմում ոչնչացնել քրդական պետությունը: Առայժմ նրան չի հաջողվում ստանալ Ռուսաստանի բարեհաճությունը, սիրիացի քրդերի PYD կուսակցությունը իր ներկայացուցիչներն ունի Մոսկվայում, վերջին ժամանակներս էլ Ռուսաստանը վարժում է YPG զինյալներին քրդական Աֆրին նահանգում: Այդ պատճառով էլ բազմաթիվ հանդիպումները և բարեկամության երդումները Պուտինի ու Էրդողանի միջև այնքան էլ լավ չափիչ չեն մակերեսային գործակցության ամրության համար:
Քրիստիան ՎԱՅՍՖԼՈԳ, Neue Zürcher Zeitung
Հ.Գ. Ստանիսլավ Տարասովը REGNUM-ում գրում է՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, արտաքին տպավորություններից ու համատեղ մամլո ասուլիսից դատելով, ընդգծված կառուցողական ու գործնական էր: 2016-ի օգոստոսից նրանք արդեն հինգերորդ անգամ էին հանդիպում, հաճախ են հեռախոսում: Գործընկերները լավ ուսումնասիրել են իրար հոգեբանական իմաստով, որ կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների վերելք-վայրէջքների իրավիճակում: Ռուսաստան նախորդ այցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ թուրքական կողմից ռուսական ինքնաթիռը 2015-ի նոյեմբերին խփելուց և Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործընթացը «ամբողջ ծավալով» վերսկսվել է: Սոչիում ՌԴ նախագահը ճշտեց, որ ոչ ամբողջությամբ, երկու երկրների երկխոսությունը «հատուկ կարգավիճակ» է ձեռքբերում, շարունակելով վերականգնվել «ամբողջ ձևաչափով»: Իհարկե, դա այն ոսկեդարը չէ, երբ կողմերը մինչև Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում «արաբական գարունը», սիրիական ճգնաժամը վստահ հայտարարում էին ապրանքաշրջանառությունը մինչև 100−150 միլիարդ դոլար հասցնելու, երկու երկրների տնտեսությունը համարյա թե փոխլրացնող դարձնելու մասին: Այսօր տարբեր պատճառներով պատկերն այլ է: Անցած տարվա տվյալներով ռուս-թուրքական առևտրի ծավալը նվազել է 32 % և կազմում է 15,8 միլիարդ դոլար ընդամենը: Իհարկե, հեռանկարները մնում են, եթե հաշվի առնենք ռազմավարական նախագծերը՝ «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» աէկի կառուցումը: Այն տպավորությունն է, որ Անկարան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերություններում վերադառնալ «տնտեսությունը՝ առանձին, քաղաքականությունը՝ առանձին» բանաձևին: Սոչի թռիչքից առաջ Էրդողանը վստահորեն ասում էր, որ անհրաժեշտ է Թուրքիայի դեմ ռուսական առևտրական պատժամիջոցների վերացում հարաբերությունների վերջնական նորմալացման համար: Ստացվեց, բայց ոչ լրիվ: «Պայմանավորվել ենք բոլոր հարցերով, բացի լոլիկը»՝ հայտարարեց բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը:
Դեռ վերջերս Մոսկվան Անկարային ընկալում էր ռազմավարական գործընկեր Թեհրանի հետ մեկ օղակում՝ սիրիական ուղղության մեջ: Բայց երբ Թուրքիայի իշխանությունները աջակցեցին սիրիական ռազմաբազայի ԱՄՆ-ի հրթիռակոծումը, ցուցադրելով չափազանց արագ դիվանագիտական «ճկունություն» և սեփական կանոններով ու սեփական շահերի համար խաղալու ձգտում, կասկածներ ի հայտ եկան Թուրքիայի քաղաքական կայունության վերաբերյալ: Ակնհայտ է, որ Էրդողանը Պուտինի հետ չորսժամյա հանդիպումից հետո, նույնիսկ «բարի և թանկագին բարեկամ» հայտարարվելով՝ լարված էր ու տրտմած: Պարզ էր, որ հենց այնպես հետ չես դառնա նույն իրավիճակին: ՌԴ վիզային ռեժիմի ազատականացումը ահաբեկչական սպառնալիքի պատճառով հնարավոր է միայն մասնագետների սահմանափակ խմբի համար, մյուսները վիզա պիտի ստանան: Գլխավոր պատճառը՝ Թուրքիան փոխվել է՝ միաժամանակ մի քանի ճակատներով պատերազմ վարելով: Սիրիական ուղղությամբ բանակցությունների ընթացքում մարտավարական արդյունք գրանցվեց՝ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծում, որտեղ մարտական գործողությունները, ներառյալ ավիացիոն, ամբողջապես կդադարեցվեն: Բայց դրանից առաջ եղել էր նույն հարցով ՌԴ- ԱՄՆ նախնական պայմանավորվածություն:
«Մենք պարոն նախագահի հետ այն կարծիքին ենք, որ սիրիական կոնֆլիկտի լուծումը կարող է ապահովվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Հիշեցնեմ, որ հիմնականում շնորհիվ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ակտիվ դերի հաջողվեց ոչ միայն հասնել մարտական գործողությունների դադարին սիրիական կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև, այլև նրանց բանակցությունների սեղանի շուրջ բերել Աստանայում, որտեղ այսօր սկսվում է բանակցությունների հերթական չորրորդ ռաունդը»՝ ընդգծեց Պուտինը: Մի խոսքով, Մոսկվայի ու Անկարայի սիրավեպից ռոմանտիզմը և էյֆորիան ցնդել են: Կողմերը նախընտրում են չոր, կոնկրետ երկխոսություն կոնկրետ գործերով: Ոչ ավելին: Միայն դա արդեն ՌԴ նախագահի խոսքով՝ «վկայում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները հատուկ բնույթ են ձեռք բերում և ամբողջ ձևաչափով վերականգնվում են», բայց փոխկապակցված Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ, որ կարող է ստեղծել, կարող է չստեղծել «լրացուցիչ պայմաններ ռուս-թուրքական հարաբերությունների առաջընթաց զարգացման համար»: Ճիշտ է՝ Էրդողանը վստահեցնում է, որ Պուտինի հետ բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն արդեն մի քանի օրից: Սպասենք:
Սպասել, իհարկե, կարելի է, բայց կարելի է և «արդյունք» համարել, որ Սիրիայի ընդդիմությունը բանակցությունների հաջորդ օրը հեռացավ Աստանայից ու առանց նրանց Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հուշագիր ստորագրեցին, որ համարյա ոչինչ չի նշանակում, եթե սիրիական զինված ընդդիմությունը չի ստորագրել: Իսկ ընդդիմադիրներին Աստանա բերելու պատասխանատուն Անկարան է, ու գործել է թուրքական «դասական» դիվանագիտությունը՝ «այո» ասել ու «ոչ» անել: Ի՞նչ պիտի Պուտինն ասի Էրդողանին, եթե Անկարան համաձայնագիրը ստորագրել է: Պարզվում է՝ ոչ միայն ռոմանտիզմ ու էյֆորիա չկա, այլև փոխըմբռնում: Եվ՝ ոչ միայն Սիրիայի հարցում: Նրանք արդեն միմյանց չեն կարող վստահել՝ Էրդողանը սովորություն ունի Պուտինին (և ոչ միայն նրան՝ ով հայտնվեց ճանապարհին) թիկունքից խփել, Պուտինը ներելու սովորություն չունի: Իսկապես՝ սպասենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ